«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործ. հրապարակվեց սպանված ոստիկանի ցուցմունքը
ՀասարակությունԵրեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 7-ին, շարունակվել է հրապարակվել «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով առկա ապացույցները:
Դատարանում ճանաչման տեսագրությունների հրապարակումից հետո դատախազը ներկայացրեց գործով վկաներից Հրաչյա Ֆալաջյանի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Ֆալաջյանը 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության տիրոջ տան վրա կատարված ավազակային հարձակման ժամանակ սպանված ոստիկանն էր: Հետաքրքրական է, որ Ֆալաջյանը տեսանյութերով ճանաչել է ամբաստանյալներին, պնդել, որ ճանաչում է նրանց, քանի որ «այդ տարածքի օպերն է եղել»: Նշենք, սակայն, որ տեսանյութերում ամբաստանյալներից եւ ոչ մեկի դեմքը հստակ չի երեւում:
Դատարանն այսօր որոշեց նաեւ ապացուցված համարել իրեղեն ապացույցները, քանի որ դրանք «սարքված են»: Ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանն առարկեց եւ պահանջեց դատարանում ուսումնասիրել դրանք:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 21-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: