Գորիսի ճանապարհը 1960-ից հետո չի հիմնանորոգվել. Ճանշինի պետը՝ նախարարին
ՀասարակությունԳորիսի ճանապարհը 1960 թվականից հետո չի հիմնանորոգվել, միայն հատվածաբար ասֆալտապատվել է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի ձգվող միջպետական ճանապարհներով շրջայցի ժամանակ նշել է Ճանշինի պետ Արթուր Կարապետյանը:
Սիսիանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության պետը ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ Սիսիանի տարածաշրջանում ճանապարհների տարբեր հատվածներում ճաքերն այնքան են խորացել, որ այլեւս հնարավոր չէ նորոգել։
Գորիսի տարածաշրջանում մոտ 7 կմ հատվածը սպասարկում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը: Ճանշինի պետ Արթուր Կարապետյանը ներկայացրեց, որ ճանապարհային ծածկը տարեցտարի ավելի է մաշվում։
«Հիմքը տեղ-տեղ դեֆորմացվել է։ Տարեկան 2,5-3 հազար քմ միայն փոսային նորոգման աշխատանքներ ենք իրականացվում։ Անցանելիությունն ամբողջությամբ ապահովում ենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով»,-նշեց Ա. Կարապետյանը:
Հիմնանորոգման անհրաժեշտություն կա նաեւ Կապանի տարածաշրջանի մի հատվածում։
Ճանշինի պետ Արարատ Կարապետյանը նշեց, որ ժամանակին, երբ ասֆալտապատվել են այս ճանապարհները, դրանք նախատեսված են եղել 10տ քաշ ունեցող մեքենաների համար։ Հիմա մինչեւ 35տ քաշով մեքենաներ են այս ճանապարհներով երթեւեկում, որին ճանապարհները չեն դիմանում։ «Մի կերպ պահպանում ենք»,- ասում է ճանշինի պետը։
Նախարարը հետաքրքրվեց, թե վերջին անգամ այս հատվածում ե՞րբ է հիմնանորոգում կատարվել։
«1960 թվականից հետո չի հիմնանորոգվել։ Հատվածաբար ասֆալտապատվել է, բայց մեծածավալ աշխատանքներ չեն կատարվել»,- մանրամասնեց Ա. Կարապետյանը։
2017-2018թթ. Սիսիան-Կապան ճանապարհահատվածում նախատեսվում է մոտ 20 կմ ճանապարհ հիմնանորոգել։ Տեղում գնահատելով իրավիճակը՝ կորոշվի, թե որ ճանապարհահատվածներն են առավելապես քայքայված եւ առաջնահերթ պետք է նորոգվեն։
Նախարարը նշեց, որ շուտով կկատարվեն նախագծման աշխատանքներ, ճանապարհների այն հատվածները, որոնք կընդգրկվեն հիմնանորոգման ծրագրում, գարնան վերջից կսկսվեն դրանց հիմնանորոգման աշխատանքները։