Գիշերային ակումբի այցելուները ծեծել են իրենց կարգի հրավիրող ոստիկաններին. ՀՔԾ
ՀասարակությունԲազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ փետրվարի 3-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ քրեական գործի մանրամասների` իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել այս տարվա հունվարի 5-ին: Այսպես, նույն օրն իրենց ծառայողական պարտականությունները կատարող` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Հրաչյա Պ.-ն եւ Արթուր Հ.-ն, «Աֆրոդիտե» ակումբում գույքը վնասելու գործողությունները կանխելու նպատակով, ակումբից դուրս են հրավիրել Վահե Հ.-ին եւ Հարություն Խ.-ին: Վերջիններս, սակայն, չեն ենթարկվել իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին եւ վիճաբանություն են հրահրել` ոտքերով ու ձեռքերով հարվածելով նրանց: Ծեծկռտուքի հետեւանքով հիշյալ ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց;
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: