ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքները կշարունակվեն
ՀասարակությունՀայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքներն այս տարի կշարունակվեն։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի խոսքով, 2017թ. ընթացքում նախատեսվում են իրականացնել էներգաբլոկի սարքավորումների, համակարգերի եւ շինությունների արդիականացման նախագծային աշխատանքները, սարքավորումների մնացորդային պաշարի հաշվարկային հիմնավորումը, ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։
Արդյունքում կմշակվի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների եւ համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաեւ կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը:
Ըստ Արտեմ Պետրոսյանի, էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, որոնք նախատեսված էին 2016թ., հաջողությամբ ավարտել են։ Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի եւ բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի թերություններ, որոնք կխոչընդոտեն ռեակտորային տեղակայանքի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն: