ԼՂ հարցում փոխադարձ ընդունելի, փոխզիջումային և խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Զախարովա
HeaderԼեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուղղակի վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը: Այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ՝ հրաժարվելով մեկնաբանել ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառյնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»։ Զախարովան կարծում է, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է գնահատի իր անվտանգությանը սպառնացող վտանգները: «Ես կարծում եմ, որ հակամարտությունն ուղղակի վտանգ է առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը»,-ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ իր երկիրը բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտությունը: «Սակայն ցանկացած նախաձեռնության կարևորագույն առաքելությունը պետք է լինի գիտակցումը, որ փոխադարձ ընդունելի և փոխզիջումային, խաղաղ կարգավորմանն այլընտրանք պարզապես չկա: Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն հենց այդ կոնկրետ խնդրի լուծմանը»,-ասել է Զախարովան: