«Վարդաշենում» նախկին սպան 4-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը
ՀասարակությունԱպօրինի կերպով ծառայության չներկայանալու մեղադրանքով 2.5 տարվա ազատազրկման դատապարտված «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող նախկին սպա Ցոլակ Խաչատրյանն արդեն 4-րդ օրը շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր` փետրվարի 3-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՎ-ից: Ցոլակ Խաչատրյանը բժիշկների հսկողության տակ է, առողջական վիճակը՝ բավարար:
Ցոլակ Խաչատրյանը հացադուլով պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ, բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման իր դիմումը մերժելու դեմ եւ ՔԿՀ-ի ղեկավարության կողմից իմ իրավունքների ոտնահարման` տեղեկատվություն չտրամադրելու, կեղծ տեղեկատվություն տրամադրելու եւ պաշտոնական դիրքի չարաշահելու դեմ:
Նախկին սպան պնդում է, որ իրեն ազատազրկման են դատապարտել` ապօրինի կերպով ծառայության չներկայանալու համար, սակայն, այդ ժամանակ պայմանագիրը, որով պարտավոր է եղել ծառայել ՀՀ զինված ուժերում, օրինական ուժը կորցրած է եղել եւ նա պարտավորություններ չի ունեցել: Ցոլակ Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում է պատժել նրանց, որոնց սխալի պատճառով, իր պնդմամբ` հայտնվել է անազատության մեջ: