Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդները ազատազրկվեցին 3 տարով
ՀասարակությունՈստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Այսօր` փետրվարի երկուսին, նման վճիռ կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Նշենք, որ մեղադրողը 3 ամբաստանյալների համար պահանջել էր դատապարտել երեք տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքներն ու միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Ըստ մեղադրական եզրակացության` Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը «Սասնա Ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել եւ զանգվածային անկարգություններ հրահրել: Նրանք կալանավորված են: