Հայաստանը պատրաստ է հյուրընկալելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը
ՄշակույթՀայաստանը լավ է պատրաստվել Երևանում մայիսի 14-15-ը կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 11-ին երկու խոշոր միջոցառումներին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ մեր երկիրն արել է հնարավորը՝ լավագույնս հյուրընկալելու միջոցառումների մասնակիցներին:
«Հայաստանն այս տարիներին դարձել էր Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հանգուցային երկրներից մեկը: Միջոցառումներին Բոլոնիայի անդամ 47 երկրներ են հրավիրված, իսկ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը համախմբելու է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս չհանդիսացող երկրները: Հրավիրել ենք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հարևան երկրներին՝ Հյուսիսաֆրիկյան երկրներից մինչև Չինաստան, Ճապոնիա և այլն: Այս իրադարձությունը համաեվրոպական նշանակություն ունի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ այս երկու օրերի ընթացքում Երևանի Մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումների ժամանակ կայացվելու են կարևոր ու ճակատագրական որոշումներ, որոնք կազդեն միլիոնավոր ուսանողների վրա, կընդունվի երևանյան հռչակագիրը, կքննարկվեն կրթության որակին և կրեդիտային համակարգին առնչվող նոր չափանիշներ:
«Միջոցառումներին կհյուրընկալվեն 500 մասնակիցներ 350 արտերկրից, 52 ազգային պատվիրակություններ, որոնցից 46-ը՝ եվրոպական երկրներից, ինչպես նաև 31 միջազգային կազմակերպությունների պատվիրակոթյուններ: Այս միջոցառմանը նաև մասնակցելու է կրթության հարցերով եվրոհանձնակատարը, ինչպես նաև 20 կրթության նախարարներ: Մնացած պատվիրակությունները ղեկավարելու են փոխնախարարներ»,-նշեց Արմեն Աշոտյանը՝ փաստելով, որ միջոցառումներին նախապատրաստվելիս ԿԳ նախարարության կողքին են եղել նաև մի շարք գործընկերներ: