Երեւանի շենքերի մուտքերում սառցե շթաքարեր են գոյացել (ֆոտո)
ՀասարակությունԱյս տարվա ձմեռը գեղեցիկ բնապատկերներից բացի նաեւ մի շարք խնդիրներ է առաջացրել։ Ժամանակին չմաքրված ձյունը վերածվել է սառույցի, ու մայրաքաղաքի բնակիչների մեծ մասը ակամա ստիպված է սառույցի վրա պարել, փորձելով հասնել իրենց շենքի մուտք։
Իսկ որոշ շենքերում էլ կտուրին կուտակված ձյունը հալչել է, ու հիմա մուտքերում սառցե շթաքարեր են գոյացել։
Անկասկած, կոմունալ ծառայությունների համար ցանկացած տեղում մեծ անակնկալ է։ Նաեւ գոյություն ունի համայնատիրություն կոչվող մարմին։ Այդ կառույցի գործունեությունը եզրափակվում է վարձերը կանոնավոր գանձելով՝ յուրաքանչյուր ընտանիքից 1200-ական դրամ։ Մայրաքաղաքի բարձրահարկ շենքերից մեկում ջրհեղեղի մասին NEWS.am–ն արդեն գրել է։
Քանի որ վերանորոգման աշխատանքները, այդ թվում նախորդ հրապարակումից հետո, իրականացվել են «ձախ ոտքով», մուտքում սառցակալումը իրեն երկար չի սպասեցրել։
Փաստորեն, երկրորդ հարկի բնակիչները հայտնվել են թակարդում, չէ՞ որ վերելակն այդ հարկում չի կանգնում, ու նրանք ստիպված են լինում առողջությունն ու կյանքը վտանգելով՝ ոտքով հաղթահարել սառցե շերտը։
Ցավոք նույնատիպ տեսարան կարելի է դիտարկել նաեւ մյուս շենքերում։ Եվ խնդիրը բնակիչների անձնական հարմարավետությունը չէ՝ անձրեւը, որը պարբերաբար հայտնվում է շենքի ներսում, լցվում է նկուղ, սառչում ու քայքայում այն։ Այնպես որ նման տեմպերով շարունակվելու դեպքում համայնատիրությունը այլեւս բնակիչ չի գտնի, որից կարողանա վարձ գանձել։



.jpg)




