Կրտսեր սերժանտի կողմից վիրավորված զինծառայողին վիրահատել են
ՀասարակությունԱրցախում հունվարի 16-ին կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանին հունվարի 28-ին վիրահատել են: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ շաբաթ օրը Գուրգենի մոտ սկսվել է գլխուղեղի արյունազեղում եւ ստիպված են եղել նրան վիրահատել:
«Վիճակում դրական փոփոխություն չկա, նորից նույն վիճակում է»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գուրգեն Սարգսյանը Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: