Աբովյանում հուղարկավորել են Տավուշի մարտական դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողին
Ուշադրության կենտրոնումԱբովյանում այսօր՝ հունվարի 27-ին, հուղարկավորել են հունվարի 25-ին Տավուշի դիրքում մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանին: NEWS.am-ի հետ զրույցում Շավարշի հարեւանը նշեց, որ նրան հուղարկավորել են Աբովյանի գերեզմանատանը: Հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան գործիչներ, ծառայակից ընկերներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է Շավարշ Գալստյանի դին:
Շավարշը տան միակ երեխան էր, բնակվում էր մոր հետ, հայրը մի քանի տարի առաջ մահացել է Ռուսաստանում:
Նշենք, որ Շավարշը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, ամռանը զորացրվելու էր: Նա ծառայում էր Տավուշի մարզում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն: