12-րդ հարկից ընկած տղամարդու գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց եւ փոքր լուսատու սարք. ՔԿ
ՀասարակությունՔննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել այսօր` հունվարի 26-ին, վաղ առավոտյան բարձրահարկ շենքի բակում մահացած հայտնաբերված տղամարդու դեպքի վերաբերյալ:
Ըստ հաղորդագրության` ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Զննությամբ տղամարդու հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ եւ փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան եւ ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, հայտնաբերվել է նույն շենքի 45-րդ բնակարանի ննջասենյակի պատուհանի մաս կազմող ցանցը, ինչպես նաեւ պարզվել է, որ պատուհանի դրսի պատուհանագոգի մի մասի ձյան ծածկույթը բացակայում է: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկի բաց պատշգամբի՝ շենքի դրսի պատի հատվածում հայտնաբերվել են մարզական կոշիկների հետքերին նմանվող հետքեր:
Նույն օրը հաղորդում է ստացվել մի բնակչուհուց, որ անհայտ անձը փորձել է պատուհանից մուտք գործել իր բարեկամին պատկանող՝ նշված շենքում գտնվող բնակարան:
Քննություն է տարվում պարզելու տղամարդու ինքնութունը, մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: