Կրտսեր սերժանտը դիտավորյա՞լ է կրակել ժամկետային զինծառայողի վրա
ՀասարակությունԱրցախում հունվարի 16-ին ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանին հրազենային վնասվածք հասցնելու համար մեջ մեղադրվող կրտսեր սերժանտը, նախնական տվյալով, անզգուշությամբ է կրակել նրա վրա:
Ըստ Քննչական կոմիտեի` նախնական տվյալով, կրտսեր սերժանտը դիրքի պատասխանատուին ամրակցված ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարելու ժամանակ մոռանալով ինքնաձիգից անջատել փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, քաշել է ինքնաձիգի փակաղակը, ինչի հետևանքով ինքնաձիգը լիցքաթափման փոխարեն լիցքավորվել է, ապա ստուգիչ կրակոց արձակելու նպատակով սեղմել է ինքնաձիգի ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցի հետևանքով Գուրգենին անզգուշությամբ պատճառվել է գլխի շրջանում հրազենային վիրավորում:
NEWS.am-ին, սակայն, Գուրգենի համագյուղացիները պատմեցին, որ նա ու կրտսեր սերժանտը նախկինում տարաձայնություններ են ունեցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:
Կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է :