Հայաստանն ու Ադրբեջանը Ռիգայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը. ԵՄ ներկայացուցիչը հաստատում է
ՄիջազգայինՀայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, հայտնել է ԵՄ ներկայացուցիչը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունի այսպես կոչված` Մինսկի գործընթաց, որտեղ նախագահում է մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև` Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպումները:
Ռիգայում կանցկացվի նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Դա այն քիչ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը, ով ցանկացել է անանուն մնալ:
Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք ամբողջովին վստահ ենք ռուս, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների ջանքերի հարցում՝ անել հնարավորը, ինչ նրանք կարող են: Բայց, ցավոք, դա շատ բարդ հարց է»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան: