Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական կառավարման անցնելու օրինագծին
HeaderԹուրքիան եւս մի քայլ է կատարել խորհրդարանական կառավարման ձեւից նախագահականի անցնելու ճանապարհին։ Երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան փոփոխությունների օրինագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանն էր դրել իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը։ Փոփոխություններով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձնական հսկողություն է ստանում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի եւ հետախուզության նկատմամբ։ Այսօրվա դրությամբ դրանք ենթարկվում են վարչապետին։ Բացի այդ, փոփոխությունների վերջնական ընդունման դեպքում Էրդողանն իրավունք է ստանում հրամաններ տալ, նշանակել նախարարների եւ հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների մասին հարցերը։
Նշենք, որ Թուրքիայի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման ձեւը գործում էր 1923 թվականից։