Դատավորը ապօրինի է երեխաներին վերցրել մորից . ցույց Վճռաբեկի դիմաց (Ֆոտո)
ՀասարակությունՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ հունվարի 13-ին ցույց է տեղի ունեցել, որտեղ ցուցարարները պահանջում էին Լուսինե Ղաբուզյանի գործով դատավոր Բորիկ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել եւ նրա որոշումը անհիմն համարել։
Ցույցի մասնակից Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի 7 կազմակերպությունների անդամները եւ Լուսինեի գործով զբաղվող փաստաբան Նոնա Գալստյանը ցույցից հետո բողոք-նամակ հանձնեցին ՀՀ արդարադատության խորհրդին, որով դիմում են ՀՀ վարչապետին, ՄԻՊ-ին եւ Արդարադատության խորհրդին՝ չեղյալ համարելու դատավորի որոշումը ։
Հիշեցնենք, որ Լուսինե Ղաբուզյանը եւ Կարեն Խեչոյանը համատեղ կյանքի ընթացքում ունեցել են հինգ երեխա: Նրանք ամուսնալուծվել են: Երկու անչափահաս երեխաները մնացել են Լուսինե Ղաբուզյանի մոտ` Վանաձոր քաղաքում, իսկ երեք անչափահաս երեխաները՝ Կարեն Խեչոյանի մոտ՝ Լոռու մարզի Արջուտ համայնքում: Կարեն Խեչոյանի մոտ մնացած 3 երեխաները իրականում գտնվել են Կարեն Խեչոյանի մոր խնամքի տակ:
1,5 տարվա ընթացքում Լուսինեն զրկված էր իր 3 երեխաներին տեսնելու հնարավորությունից: Դեկտեմբերի սկզբից Լուսինեն իր մոտ վերցերեց իր 3 անչափահաս երեխաներին:
Դատավոր Բորիկ Գրիգորյանը առանց որեւէ կողմի ներկայության դատական նիստ է իրականացրել ու 2016թ. դեկտեմբերի 27-ին վճիռ է կայացրել, որով անօրինական սահմանափակել է Լուսինեի իրավունքները իր երեխաների հանդեպ եւ պարտադրել Լուսինեին վերադարձնել Կարեն Խեչոյանին իր 3 երեխաներին: Նշենք, որ այս որոշման մասին Լուսինեին ծանուցում չի ուղարկվել:
Դատավոր Բ.Գրիգորյանը կիրառել է այնպիսի հայցի ապահովման միջոց, որը նախատեսված չէր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով:
