Ֆինանսների նախարարությունը տեխզննության լրացուցիչ կտրոններ է տպագրել ու տրամադրել բանկերին
ՀասարակությունՖինանսների նախարարությունը տեխզննության լրացուցիչ կտրոններ է տպագրել ու տրամադրել բանկերին:
ՀՀ Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեխզննությունը ճանապարհային երթեւեկության անվտան¬գության ապահովմանն ուղղված գործընթաց է, որը կազմակերպվում է պետական կառավարման տարբեր մարմիններին վերապահված իրավասությունների շրջանակում կատարված գործողությունների արդյունքում:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ տեխզննություն անցկացնելու գործընթացում, ըստ գործող կարգի, նախարարությունն իրականացնում է բացառապես տեխզննության կտրոնների տպագրման եւ դրանք ծրագրին մասնակից ՀՀ առեւտրային բանկերին տրամադրելու աշխատանքները:
Տեխզննության կտրոնների` ըստ տարիների տպագրման ենթակա քանակը որոշվում է պատկան մարմինների կողմից տրամադրվող առկա տեղեկատվության եւ գործող համակարգի շրջանակներում տարվա ընթացքում ձեւավորվող փաստացի ցուցանիշների միտումների հիման վրա:
Տեխզննության կտրոնների փաստացի կարիքը ձեւավորվում է առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների եւ տարվա ընթացքում դրանց ըստ քանակի ու թողարկման տարեթվերի փոփոխության արդյունքում, ինչը կարող է հանգեցնել կանխատեսված եւ փաստացի տեխզննության կտրոնների կարիքի ժամանակավոր շեղումների:
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի տարեվերջում, առկա տեղեկատվության վերլուծությամբ կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, ապահովել է կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրությունը եւ բանկերին տրամադրումը: