Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց – Ի՞նչ հետևանք կարող է առաջացնել վարձակալի կողմից պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի վարձավճարը չմուծելը:
Պատասխան – Վարձակալի կողմից պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի վարձավճարը չմուծելու դեպքում վարձատուի պահանջով պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել:
Հարց – Որո՞նք են այն դեպքերը, երբ անձը կարող է զրկվել ծնողական իրավունքներից:
Պատասխան – Այդ հիմքերը սպառիչ են: Մասնավորապես, ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք. ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց. բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից. գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա. դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը. ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ. զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն: