Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց– 3 տարի բնակվել եմ վարձով: Այդ ժամանակահատվածում կատարել եմ բնակարանի վերանորոգում, ինչպես նաև ամեն սենյակում տեղադրել եմ օդորակիչներ (թվով 4 հատ): Բնակարանը հանձնելու ժամանակ բնակարանի սեփականատերը արգելեց հանել օդորակիչները՝ ասելով, քանի որ դրանք տեղադրված են իր բնակարանում, ուրեմն պատկանում են իրեն: Դա այդպե՞ս է:
Պատասխան – Օդորակիչը համարվում է վարձակալված բնակարանում բաժանելի բարելավում: Եթե ձեր միջև կնքված վարձակալության պայմանագրում հակառակն ամրագրված չէ, ապա բաժանելի բարելավումները, տվյալ դեպքում՝ օդորակիչները, պատկանում է Ձեզ, այլ ոչ թե բնակարանի սեփականատիրոջը:
Հարց – Ցանկանում եմ կազմել կտակ: Արդյոք կա՞ն սահմանափակումներ, մասնավորապես, այն առումով, թե ում անվամբ ես իրավունք չունեմ կազմել կտակ:
Պատասխան – Ոչ, նման սահմանափակումներ չկան: Օրենքով հռչակված է կտակի ազատություն, ինչը նշանակում է, որ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ավելին, Դուք պարտավոր չեք նաև որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին: