Մեծ հավակնություններ եւ որոշակի առաջընթաց. Բրյուսելում ամփոփվել են ԵՄ-ՀՀ նոր պայմանագրի բանակցությունները
Հասարակություն«Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին», քան ներկայիս «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին», այդուհանդերձ, ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,-նշեց Սուրմելիսը:
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքների ամփոփմանը:
Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Արեւելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելն ու Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության՝ Ռուսաստանի, ԱՊՀ, Ուկրաինայի, Արեւմտյան Բալկանների, ԵԱԱԱ (EFTA), ԵՏԳ (EEA) եւ Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Քննարկմանը, որի համակարգողն էր Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, քաղաքական գիտությունների թեկնածու Հրանտ Կոստանյանը, մասնակցել են ավելի քան 40 լրագրողներ, դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:
Իր ելույթում պարոն Շուբելը ներկայացրեց բանակցային գործընթացի քաղաքական տեսանկյունները՝ նշելով. «Ուրախ եմ տեսնել Հայաստանի հավակնոտ դիրքորոշումն այս գործընթացում, ինչպես նաեւ հաճելիորեն զարմացած եմ, որ մեզ հաջողվում է պահպանել նախկինում քննարկվող Ասոցացման համաձայնագրի որոշակի մասը»: Նա նաեւ ընդգծել է՝ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որքանով է պատրաստ ընդունելու ԵՄ ակվիսները:
Իր հերթին, պարոն Սուրմելիսը եւս մեկ անգամ շեշտեց, որ բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում՝ արձանագրելով արագ առաջընթաց «առեւտրի եւ ներդրումների» բլոկում: «Նոր համաձայնագիրը շատ ավելի մոտ կլինի արդեն գոյություն չունեցող «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին», քան ներկայիս «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին», այդուհանդերձ, ամենաբարդ հարցերը թողնվել են քննարկման վերջին փուլին»,-նշեց Սուրմելիսը:
Պարոն Մելքոնյանը իր խոսքում պարզաբանեց, որ սա «Ազատ առեւտրի համաձայնագիրը» չէ, եւ առեւտրի ամբողջական ազատականացում չպետք է ակնկալել, այդուհանդերձ, նոր համաձայնագրով նախատեսվում է որոշ սակագների իջեցում: Անդրադառնալով բանակցությունների ժամանակացույցին՝ պարոն Մելքոնյանը նշեց. «Մեզ շատ ավելի մտահոգում է բովանդակությունը, քան ժամանակացույցը: Մեզ համար ավելի կարեւոր է հասնել լավ արդյունքի, ցույց տալով, որ Հայաստանը՝ իր ուժեղ ու կայուն քաղաքական, տնտեսական եւ վարչական համակարգով, կարող է իդեալական միջավայր ապահովել թե՛ ԵՄ, եւ թե՛ ԵԱՏՄ ու Իրանի ներդրումների համար»:
Պատասխանելով վիզայի ազատականացման վերաբերյալ հարցին՝ պարոն Շուբելը շեշտեց, որ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ Վիզայի ազատականացման գործընթացի շուրջ: Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ Խորհուրդը պետք է նման մանդատ տրամադրի, մինչդեռ ԵՄ անդամ որոշ երկրներ պատրաստ չեն դա անել այս փուլում՝ ելնելով մի շարք պատճառներից, որոնք անմիջականորեն Հայաստանին չեն առնչվում:
Ընդգծելով, որ Հայաստանի հետ համաձայնագիրը բացառապես երկկողմանի է, պարոն Սուրմելիսը հավելեց, որ սա կարող է նախադեպ հանդիսանալ ԵԱՏՄ անդամ այլ երկրների, օրինակ՝ Բելառուսի համար, թեեւ այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը թույլ չի տալիս ԵՄ-ին մոտ ապագայում նման գործընթաց նախաձեռնել:
Պարոն Մելքոնյանը ամփոփեց քննարկումը՝ շեշտելով, որ չնայած Հայաստանն ունի պարտավորություններ այլ ինտեգրացիոն գործընթացներում եւս, սակայն «այս բանակցությունները ցույց են տալիս Հայաստանի հավատարմությունը ԵՄ-ին, որը եղել եւ մնում է ՀՀ հիմնական առեւտրային գործընկերը»:
EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն քննարկման ավարտից հետո նշեց, որ միջոցառումը հաջողված է, եւ հաճելի է տեսնել մարդկանց հետաքրքրվածությունը թեմայի շուրջ: «Առավել կարեւոր է, որ այս երեկո մենք դրական դինամիկա տեսանք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընթացող բանակցային գործընթացում: Ես վստահ եմ, որ երկու կողմերի հավակնություններն ու կառուցողական մոտեցումը կհանգեցնեն գործընթացի դրական ավարտին, եւ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը շուտով կստորագրվի: Սա ուրախալի լուր է ինչպես EuFoA-ի եւ Հայաստանի բոլոր եվրոպացի բարեկամների, այնպես էլ Հայաստանի եւ ԵՄ-ի համար»:
ՏԵՂԵԿԱՆՔ. 2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին։
Չնայած ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագիրը եւ դրա մաս հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) համաձայնագիրը չստորագրելու մասին Հայաստանի 2013թ.սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Հայաստանը եւ ԵՄ-ն «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի» շրջանակներում (ուժի մեջ է 1999 թվականից) շարունակում են իրենց համագործակցությունը քաղաքական երկխոսության, առեւտրի, ներդրումների, տնտեսության, իրավունքի եւ մշակույթի ոլորտներում: