Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց – Ի՞նչ է բանկային գաղտնիքը:
Պատասխան – Բանկային գաղտնիք են անձի մասին բանկում առկա գրեթե բոլոր տեղեկությունները, մասնավորապես՝ այդպիսի տեղեկություններ են հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:
Հարց – Որդուս կանչել են հարցաքննության՝ քննչական բաժին: Հարցաքննությունը տևել է առավոտյան 10:30–ից մինչև երեկոյան 21:00–ը: Որքան գիտեմ, այդքան երկար հարցաքննությունը տևել չէր կարող: Որքա՞ն է հարցաքննության տևողությունը օրենքով:
Պատասխան – Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից ավելի, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի: Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը: