Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց – Ո՞վ է ձեռք բերում հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունքը:
Պատասխան – Հողամասի սեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202–րդ հոդված):
Հարց – Եթե բնակարանը տվել եմ վարձով, ո՞ւմ վրա է դրված այն վերանորոգելու պարտականությունը:
Պատասխան – Ընթացիկ վերանորոգումը պարտավոր է կատարել վարձակալը, իսկ եթե առաջացել է հիմնական նորոգման անհրաժեշտություն, ապա այն պարտավոր էք կատարել Դուք:
Հարց – Արդյո՞ք ցանկացած աշխատողի կարելի է աշխատանքից ազատել վստահությունը կորցնելու հիմքով:
Պատասխան – Ոչ: Վստահությունը կորցնելու պատճառով անձին կարելի է ազատել աշխատանքից միայն, եթե այդ անձը դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս կամ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք կամ հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը: