Կոլումբիայի Սենատը սատարել է FARC-ի հետ խաղաղության նոր համաձայնագիրը
ՄիջազգայինԿոլումբիայի Սենատը (վերին պալատ) միաձայն հավանության է արժանացրել կառավարության եւ Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժեր ապստամբական խմբավորման (FARC) միջեւ կնքված խաղաղության նոր համաձայնագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սենատն աջակցել է FARC-ի հետ խաղաղության նոր համաձայնագիրը հաստատելու առաջարկին: Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, ոչ մի դեմ ձայն չի եղել»,- նշված է խորհրդարանի վերին պալատի Twitter-ի պաշտոնական էջում: Այժմ փաստաթուղթը քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատ):
Նոյեմբերի 24-ին Բոգոտայում Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ FARC-ի ղեկավար Ռոդրիգո Լոնդոնյո Էչեւերին կեսդարյա զինված հակամարտության դադարեցման նոր համաձայնագիր են ստորագրել: Առաջին համաձայնագիրը հոկտեմբերի 2-ին անցկացված հանրաքվեով մերժվել էր: Սանտոսը ճանաչել է պարտությունը եւ երկխոսություն սկսել նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի ղեկավարած ընդդիմադիր ուժերի հետ, որոնք դեմ էին ապստամբների հետ կնքված համաձայնագրի բովանդակությանը: