Էքստրասենսի սպանության գործով ամբաստանյալը սպառնում է նորից կարել աչքերը
ՀասարակությունԷքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանը սպառնում է կրկին կարել աչքերը եւ ածելիով վնասել երակները: Այս մասին ասաց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Մուշեղ Մխիթարյանը: Նա նշեց, որ մի քանի օր առաջ ինքնավնասվել էր՝ այդ կերպ պահանջելով արդարացի դատաքննություն իրականացնել:
«Ես հրաժարվել եմ գնալ նիստերի, որովհետեւ վստահ եմ, որ դատավճիռը նախապես գրված, դրված է դարակում: Անհիմն բողոքներ են ներկայացնում իմ նկատմամաբ եւ ես ինքնավնասվելով, պահանջելու եմ, որ արդար դատաքննություն անցկացվի եւ ինձ արդարացնեն»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մուշեղ Մխիթարյանն արդեն 4 օր հացադուլ է անում կրկին նույն՝ արդարացի դատաքննություն անցկացնելու պահանաջով:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: