ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Կոլումբիայի իշխանությունների եւ ապստամբների միջեւ նոր համաձայնագիրը
ՄիջազգայինՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ողջունում է Կոլումբիայի իշխանությունների եւ երկրում խոշորագույն ապստամբ՝ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կազմակերպության միջեւ պաշտոնապես ստորագրված նոր խաղաղ համաձայնագիրը: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն:
Հայտարարության մեջ նշված է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը բարձր է գնահատում երկարատեւ հակամարտությունը դադարեցնելու կողմերի վճռականությունը՝ նշելով, որ չափազանց կարեւոր է, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը իրագործվի: Նա լիահույս է, որ կոլումբիացիները կկարողանան համախմբվել եւ խաղաղ գործընթացին աջակցել: Իսկ ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը եւ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կազմակերպության առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչեւերին նոյեմբերի 24-ին Բոգոտայում նոր խաղաղ համաձայնագիր են ստորագրել: