Լավրովը դեկտեմբերի 1-ին Թուրքիա կայցելի
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 1-ին Թուրքիա կայցելի, որտեղ բանակցությունների ընթացքում կքննարկի նաեւ Սիրիայի եւ Ուկրաինայի իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դեկտեմբերի 1-ին Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիայի Ալանիա քաղաք: Նա կմասնակցի ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 5-րդ նիստին»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ «2015 թվականին Սիրիայի տարածքում օդում տեղի ունեցած միջադեպի հրահրած ճգնաժամից հետո ռուս-թուրքական կապերի նորմալացման մեկնարկից ի վեր» խմբի նիստն «առաջին անգամ է անցկացվում»:
«Պլանավորվում է երկկողմանի եւ տարածաշրջանային միջազգային հրատապ խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ կարծիքների փոխանակում, Սիրիայի իրավիճակի, ընդհանրապես տարածաշրջանի իրադրության քննարկում, ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերը: Կշարունակվի երկխոսությունը Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի իրավիճակի հարցերի շուրջ»,- հավելել է դիվանագետը: