Թրամփը կդրժի խոստումն ու հետաքննություն չի սկսի Քլինթոնի նամակագրության գործով
HeaderԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հաղթանակի դեպքում նամակագրական սկանդալի թեմայով հետաքննություն սկսել մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ, պատրաստվում է դրժել խոստումը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյն ասել է, որ նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո չի աշխատի այդ հարցի ուղղությամբ:
Ավելի վաղ տված հարցազրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ իրեն այժմ այդ հարցն այդքան էլ չի հուզում: Բացի այդ, միլիարդատերը հավելել է, որ Քլինթոնն առանց այդ էլ ստիպված է եղել բազում դժվարությունների միջով անցնել:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ Թրամփն ասել էր, որ նախագահ դառնալու դեպքում Քլինթոնը կհայտնվի ճաղերի հետևում, ինչպես նաև կհրահանգի հատուկ հետաքննություն սկսել նամակագրական սկանդալի գործով: