Հայաստանն ու Մոլդովան չեղարկում են վիզային ռեժիմը
Ուշադրության կենտրոնումՀայաստանն ու Մոլդովան հրաժարվում են վիզային ռեժիմից։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրի հայաստանյան այցի ընթացքում։
Նոյեմբերի 16-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերը։
«Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Մոլդովայի հետ հարաբերությունների խորացմանը»,– ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ քննարկվել ե առեւտրա–տնտեսական հարաբերությունների, մշակույթի եւ կրթական ոլորտում կապերի հարցերը։ Ստորագրվել է 4 փաստաթուղթ, այդ թվում՝ վիզային ռեժիմի չեղարկման մասին։ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ԵՄ–ի հետ բանակցությունների գործընթացը։
Կողմերը համաձայնել են, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Այդ կոնտեքստում նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը։
Մոլդովայի արտգործնախարար Անդրեյ Գալբուրը նշեց, որ հայ գործընկերոջ հետ օգտակար քննարկումներ է ունեցել, որոնք ընթացել են կառուցողական հունով եւ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում։ «Հաջողվել է քննարկել արդիական հարցերի լայն շրջանակ, որոնք դրված են երկկողմ համագործակցության օրակարգում, նշել ենք, որ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,– ասել է նախարարը։
«Մենք կողմ ենք տարածաշրջանային ճգնաժամերը գործող ձեւաչափերում բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն»,– ընդգծեց նախարարը։