Իրավական խորհրդատու
ՀասարակությունՀարց – Ամուսնուս հետ միասին մեր հարևանին պարտքով գումար ենք տվել՝ ամսական 4 տոկոսով: Այժմ հարևանը հրաժարվում է գումարը վերադարձնել:
Պատասխան – Հարևանից գումարը բռնագանձելու համար Ձեզ անհրաժեշտ է դիմել դատարան: Միաժամանակ նշենք, որ այդպիսի տոկոսադրույքով պարտքով գումար տալու իրավունք չունեիք, քանի որ այն գերազանցում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքը: Ուստի, ամենայն հավանականությամբ, ունենալու եք նաև քրեաիրավական բնույթի խնդիրներ: Առավել մանրամասն պարզաբանումներ ստանալու համար համեցեք գրասենյակ:
Հարց – Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ամուսինս՝ ՌԴ քաղաքացի: Ամուսնացել ենք ՌԴ–ում: Այժմ բնակվում եմ Հայաստանում և ցանկանում եմ ամուսնալուծվել: Հնարավո՞ր է, արդյոք, ՌԴ–ում գրանցված ամուսնությունը լուծել Հայաստանի դատարանի միջոցով:
Պատասխան – Եթե ամուսիններից մեկը իրոք Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա այո՛, նման հնարավորություն մեր օրենսդրությունը նախատեսում է:
Հարց – Ընկերոջս պարտքով գումար եմ տվել, սակայն ստացական չունեմ: Հնարավո՞ր է, արդյոք, դատարանում գումար տալու փաստը հաստատել վկաների միջոցով:
Պատասխան – Ոչ, դա հնարավոր չէ, օրենքը արգելում է նման իրավիճակում վկաների ցուցմունքների վրա հղում կատարելը: Սակայն կարող եք գումար տալու փաստը ապացուցել այլ գրավոր ապացույցով, եթե այդպիսին գոյություն ունի: