Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդի վիճակը կայուն ծանր է
Ուշադրության կենտրոնումՇենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգությունից տուժած Արամ Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նրա վիճակը կայուն ծանր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Տուժածի վերաբերյալ այլ մանրամասներ Դալլաքյանը չհայտնեց։ Նշենք, որ 35-ամյա Արամ Պետրոսյանը ստացել է կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք։
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում 2016թ․ նոյեմբերի 13-ին հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանցից երկուսը՝ 38-ամյա Մուշեղ Մ.-ն եւ 25-ամյա Գեւորգ Ա.-ն, մահացել են, իսկ 35-ամյա Արամ Պ.-ն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն։