Սեւանա լճում կորած երիտասարդին կորոնեն այնքան ժամանակ, որքան եղանակային պայմանները թույլ կտան
Ուշադրության կենտրոնումՍեւանա լճում 15 օր առաջ կորած երիտասարդի որոնողական աշխատանքները եւ կշարունակվեն այնքան ժամանակ, որքան եղանակային պայմանները թույլ կտան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ասել է Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը։
Նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել լավ ծառայության համար եւ հանձնարարել որոնողական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած երկու ջրասուզակներին՝ Ա. Ճզմաչյանին եւ Վ. Մելքոնյանին ներկայացնել դրամական խրախուսման:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանը եւ ջրասուզակ Վ. Մելքոնյանը որոնողական աշխատանքներ են իրականացրել մինչեւ 35 մ խորությամբ: Արմեն Երիցյանը հանձնարարել է նաեւ ակտիվացնել ջրասուզակների վերապատրաստման գործընթացը՝ լավագույն մասնագետների հետ հանդիպումներ եւ գործնական պարապմունքներ կազմակերպելով: Քննարկվել է նաեւ ստորջրյա որոնողական ժամանակակից սարքերի ձեռքբերման հարցը:
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Արեւշատ Առաքելյանի հետ Սեւանա լիճ ձկնորսության էր դուրս եկել նաեւ նրա համագյուղացի 25-ամյա Ամուր Կյուրեղյանը, որի դին մինչ օրս չի հաջողվել հայտնաբերել: Արեւշատ Առաքելյանի դին փրկարարները հայտնաբերել էին նոյեմբերի 9-ին, նրան հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում: