Աֆղանստանի դեսպանը վիրավորվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսության վրա թալիբների հարձակման ժամանակ
ՄիջազգայինՏաջիկստանում Աֆղանստանի դեսպանը եղել է այն 120 մարդկանց թվում, որոնք վիրավորվել են Աֆղանստանի հյուսիսային Մազարի-Շարիֆ քաղաքում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախօրեի երեկոյան պայթուցիկով ավտոմեքենան մխրճվել է հյուպատոսությունը շրջափակող պատի մեջ: Այնուհետեւ դիվանագիտական ներկայացուցչության մոտ եւ նրա տարածքում տեղի է ունեցել ռազմական բախում:
«Թալիբան» շարժումը հայտարարել է, թե ահաբեկչությամբ վրեժ են լուծել Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգի վրա ամերիկյան ավիահարվածների համար, որի հետեւանքով գրեթե մեկ շաբաթ առաջ ավելի քան 30 խաղաղ բնակիչ էր զոհվել, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ էին, եւս 19 մարդ վիրավորվել էր: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է նվազագույնը 4 մարդ, մոտ 120 մարդ վիրավորվել է: