Սեւանա լճի մակարդակը 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից
ՀասարակությունՍեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի 8-ի համեմատ 26 սմ-ով բարձր է եւ կազմում է 1900.52 մետր: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:, փոխանցում է «ԷկոԼուրը»:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2016 թվականի ընթացքում Սեւանա լիճ բաց է թողնվել գեղարքունի եւ ամառային իշխան տեսակների 719.000 մանրաձուկ, մաքրվել է 52 հեկտար ջրածածկ տարածք:
Խաչիկ Հակոբյանը նշել է, որ նախատեսվում է 3 տարվա ընթացքում մշակել Սեւանի, Հյուսիսային, Հրազդանի ջրավազանային տարածքի կառավարման պլանները: «2017 թվականին այդ երեք կառավարման պլանների տեխնիկական առաջադրանքները մենք պիտի արդեն ներկայացնենք: Այստեղ բանակցություններ են ընթանում Եվրամիության Ջրային նախաձեռնության եւ USAID–ի հետ»,- նշել է բնապահպանության փոխնախարարը:
6 ամսում նախատեսվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի հաստատումը: «Սա ներառվել է 2017 թվականի կառավարության ծրագրերը ապահովող միջոցառումների ցանկում, որի արդյունքում նշյալ ջրավազանային կառավարման տարածքում մենք կունենանք ջրային ռեսուրսների խնայողության, պահպանման, կառավարման արդյունավետության բարձրացում, ինչպես նաեւ ջրաքանակի, ջրածավալների ավելացումներ», - ընդգծել է Խաչիկ Հակոբյանը: Աշխատանքները իրականացվում են Եվրամիության Ջրային նախաձեռնության շրջանակներում եւ բյուջերի վրա ծանրաբեռնվածություն չի լինելու:
2017 թվականին նախատեսվում է Արարատյան դաշտի 20 ձկնաբուծական տնտեսություններում ներդնել ջրի ավտոմատ կառավարման համակարգ: Այս աշխատանքները նույնպես իրականացվելու են դրամաշնորհային միջոցներով: