Փաստը մնում է փաստ՝ դոլման հայկական է. Արմեն Ամիրյանը՝ դոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ում ադրբեջանցիների կողմից գրանցելու մասին
ՀասարակությունԱդրբեջանի կողմից՝ դոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` իբրեւ «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր, անհիմն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ փաստը մնում է փաստ՝ դոլման հայկական է:
«Որեւէ մեկը կարող է դիմել այս կամ այն ուտեստի համար, բայց փաստը մնում է փաստ, որ այն մերն է: Ով ինչ ուզում է ասի՝ մերն է, ուրեմն մերն է»,-ասաց նախարարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաքվի իշխանությունները դիմել են դոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար` իբրեւ «ամբողջ թյուրքական աշխարհին» պատկանող տարր: Դրանից առաջ էլ Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով ներկայացված հայտերի հաստատումից հետո Ադրբեջանը հանկարծ «բացահայտել» էր, որ լավաշն իրենց ազգային հացն է, եւ երկու տարի անց ներկայացրել էին սեփական հայտը: Նույնը կատարվեց քոչարի պարի հետ: