Արցախում զոհված զինծառայողը ՀՀ փոխոստիկանապետի ազգականն է
Ուշադրության կենտրոնումԼՂՀ ՊԲ զորամասում մայիսի 8-ին հրազենային վիրավորումից մահացած շարքային զինծառայող Հարություն Համբարյանը ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի ազգականն է: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Հարությունը փոխոստիկանապետի հոր հորեղբոր որդին էր եւ բնակվում էր նրա հարազատ՝ Արեւաշող գյուղում: Համագյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ ծանոթ լինելով Հարությունի հավասարակշռված բնավորությանը, չեն հավատում ինքնասպանության վարկածին:
Նշենք, որ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ մայիսի 8-ին քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հարություն Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 8-ին` ժամը 15:10-ին, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: