Ձկնորսների որոնման աշխատանքները չեն դադարի. Խորհրդակցություն ԱԻՆ-ում
ՀասարակությունՍեւանա լճում հոկտեմբերի 31-ին, կորած երկու ձկնորսների՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ 25 եւ 24–ամյա Ամուր Կյուրեղյանի եւ Արեւշատ Առաքելյանի որոնման աշխատանքները չեն դադարի: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ը, որը Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 137 դեպքի:
Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը նշել է, որ շարունակվում են մարզի Նորատուս գյուղի երկու ձկնորսների որոնողական աշխատանքները: Նոյեմբերի 6–ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել են երիտասարդների մոտորանավակը: Որոնողական աշխատանքները տարվում են նաև հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:
Նախարար Երիցյանը հանձնարարել է չդադարեցնել որոնողական աշխատանքները՝ մինչև ձկնորսների հայտնաբերումը: