Վարչապետ․ Գազի սակագինը կարելի է նվազեցնել Վրաստանի հետ տարանցման վերանայման ու շուկայի աճի հաշվին
ՀասարակությունՀայաստանում սակագների նվազեցման համար 4 աղբյուր կա։ Այս մասին նոյեմբերի 3-ին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով առաջին աղբյուրը ռուսական գազի տարանցման մասին նոր համաձայնագիրն է, որը ծրագրում են կնքել Վրաստանի հետ։ Ռուսական «Գազպրոմ էքսպորտի» ու «Վրացական գազատրանսպորտային ընկերության» միջեւ տարանցման պայմանագրի ժամկետը սպառվում է 2016-ի վերջին, հիմա բանակցում են նոր համաձայնագրի շուրջ։ Երկրորդ աղբյուրը ՝ ցածր սակագների հաշվին սպառման ավելացումն է, ու համապատասխանաբար օպերատորի շահույթի աճը։ Երրորդը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատումն է։ Չորրորդը՝ ֆինանսական ռիսկերն են, որոնք ստանձնում է «Գազպրոմ Արմենիայի» հիմնադիր ռուսական «Գազպրոմը»։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» արդեն դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ սակագների նվազեցման մասին առաջարկներով։