Մոսկվայում փակել են Amnesty International-ի գրասենյակը
ՄիջազգայինAmnesty International-ի Մոսկվայի բաժանմունքի աշխատակիցները չեն կարողացել գրասենյակ մտնել, քանի որ մուտքի դուռը, որի փականները փոխել էին, կնքված էր: Այս մասին նշված է կազմակերպության կայքում:
Մուտքի դռան վրա փակցված թղթի վրա Քաղաքային գույքի դեպարտամենտը, որպես շենքի սեփականատեր, նշել էր, որ հաստատությունը կարելի է բացել միայն գերատեսչության ներկայացուցչի ներկայությամբ:
«Կնիքի վրա նշված հեռախոսահամարներով ոչ մեկը չի պատասխանել: Amnesty International-ում չգիտեն, թե սա ինչի հետ կարող է կապված լինել: Կազմակերպությունը 20 տարի կանոնավոր վճարում է շենքի վարձավճարը»,- նշված է իրավապաշտպանների հաղորդագրության մեջ:
Կազմակերպության աշխատակիցներից Իվան Կոնդրատենկոն Facebook-ի իր էջում գրել է, որ գրասենյակում են մնացել համակարգիչները, թղթեր, անձնական իրեր: «Ըստ երեւույթին, վաղ առավոտյան են եկել՝ համակարգիչների մարտկոցները հենց նոր են դադարել բզզալ, էլեկտրականությունն անջատված է: Ոչ մի նամակ, ծանուցում, անգամ զանգ չի եղել»,- նշել է նա: