Աբովյանում «Օլե» գիշերային ակումբի տնօրենին դանակահարել է հաճախորդներից մեկը
ՀասարակությունԱբովյանում հոկտեմբերի 31-ին «Օլե» գիշերային ակումբի տնօրենին դանակահարել է հաճախորդներից մեկը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Կատարված քննությամբ պարզվել է, որ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը տղամարդուն պատճառվել է Աբովյան քաղաքում գործող ակումբներից մեկի մոտ՝ հաճախորդներից մեկի կողմից։ Պարզվել է նաեւ շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել փորձաքննություններ։
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։