Ես զոհաբերել եմ թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը․ ֆինանսների նախարար
ՀասարակությունՀանրության մոտ ավելի մեծ հիասթափություն կլինի, եթե աշխատավարձերի հետ կապված կառավարությունը հայտարարի, որ բարձրանում է եւ իրականում դա տեղի չունենա, քան որ հայտարարում են՝ չի բարձրանա 2017-ի բյուջեով։ Խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանն՝ անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրված տնտեսական աճին:
«Այո, ես հավատում եմ, որ 3.2 տոկոս տնտեսական աճը իրատեսական է, և մենք կարող ենք դա իրագործել»։
Հարցին՝ արդյոք հասարակության մոտ հիասթափություն չի՞ առաջանա՝ հաշվի առնելով այն, որ հաջորդ տարի աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում, նախարարը պատասխանեց, որ հանրության մոտ ավելի մեծ հիասթափություն կլինի, եթե ինքը սուտ խոսի:
«Իսկ ճշմարտությունը հետևյալն է՝ հանրության հետ պետք է ճիշտ հաղորդակցվել, պետք է ազնիվ լինես և հանրության համար ապահովես կայուն տնտեսական միջավայր: Հիմա չի լինում բացարձակություն, միշտ պետք է ինչ-որ մի բանի հաշվին մի բան ունենաս, դա ընդունված կանոն է ամբողջ աշխարհում: Դու պետք է մի բան զոհաբերես, որ մի բան ձեռք բերես: Ո՞րն է մեր զոհաբերությունը: Ես զոհաբերել եմ թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որը ես կարճաժամկետ կարող էի անել, բայց իրենց հանդեպ արդար ու ազնիվ չէի լինի: Եթե մյուս տարի կամ էն մյուս տարի ես վտանգեմ տնտեսական աճը… Հենց տնտեսական աճն է ինձ հնարավորություն տալիս, որպեսզի ես անընդհատ իրենց աշխատավարձերն ու թոշակները բարձրացնեմ: Մեկ տարվա խնդիր լուծելով՝ վտանգել երկարաժամկետ խնդիրը, դա ազնիվ չէ»,- ասաց նա: