Գանձակ գյուղում հողին են հանձնել 20-ամյա զինծառայողին
Ուշադրության կենտրոնումԳեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հողին են հանձնել Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 26-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհված 20-ամյա Գուրգեն Այվազյանին: Նրան հուղարկավորել են զինվորական կարգով: 20-ամյա զինծառայողի թաղման արարողությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաներ, ծառայակից ընկերները:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: