Արմավիրի բնակչուհին ստել է, թե ամուսնու եղբայրը բռնաբարել է իրեն
ՀասարակությունԱրմավիրի մարզի բնակչուհին ամուսնու եղբորը մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից, աղջիկը սուտ մատնություն է տվել իրեն բռնաբարելու վերաբերյալ, ապա ներքնազգեստները պատռել ու ներկայացրել է նախաքննական մարմնին:
Նա նախազգուշացված լինելով հանցագործության մասին սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանության Արմավիրի բաժնումպատմել է, թե տան հյուրասենյակում ամուսնու եղբայրը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ապա Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր հայրական տանը անձամբ պատռել է իր ներքնազգեստն ու շրջազգեստը եւ ներկայացրել Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` Սուտ մատնություն:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: