Կառավարությունը գազի եւ էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներ կապահովի անապահովների եւ բիզնեսի համար. վարչապետ
ՀասարակությունԿառավարությունը գազի եւ էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներ կապահովի բնակչության անապահով խավի եւ բիզնեսի որոշ տեսակների համար։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է Կարեն Կարապետյանը։
«Աշխատանքներ կիրականացվեն նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրական շղթաների համար օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ: Բիզնեսի որոշ տեսակներ կխթանվեն (օրինակ, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և այլն) էներգակիրների սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով:
Համապատասխան թվով նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կաջակցենք հարկային արտոնությունների և էներգակիրների արտոնյալ սակագների միջոցով:
Ձեռնարկությունների կողմից շուկան մեծացնող ավելացված արժեքի ստեղծման դեպքում բնական գազի հավելյալ ծավալների համար արտոնյալ սակագների միջոցով խթանելու ենք արտադրության աճը: Իսկ սոցիալապես խոցելի խմբերին՝ աջակցել բնական գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներով»,– ասել է վարչապետը։