Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով 4 ամիս անց ամբաստանյալը ցուցմունք է տվել
Հասարակություն58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանը դեպքից շուրջ 4 ամիս անց ցուցմունք է տվել: NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալը հոկտեմբերի 7-ին ցուցմունք է տվել գործի հանգամանքների հետ կապված, սակայն, մանրամասներ չհայտնեց:
«Բովանդակության մասին ոչինչ չեմ կարող հաղորդել, առաջադրված մեղադրանքի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն հայտնել ենք, ես որպես Արտաշես Չիչոյանի պաշտպան, միայն կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի որակման հետ համաձայն չեմ: Իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերացնելու, կամ վերամշակելու գործողություն կատարելու համար նախաքննական մարմինը պետքէ կատարի բազմաթիվ քննչական գործողություններ»,-ասաց պաշտպանը:
Միհրան Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն դեռ չի կատարվել, քանի որ դեռ ցուցմունք չէր տվել, իսկ առաջին ցուցմունքից հետո անհրաժեշտության դեպքում համապատասխան միջնորդությամբ հանդես կգան:
Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը կալանավայր տեղափոխվելուց հետո առողջական խնդիրներ է ունեցել եւ գտնվել է բժիշկների հսկողության տակ, սակայն, այս պահին, նրա վիճակը լավ է:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Արտաշես Չիչոյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգվել է:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Ավելի վաղ նույն գործով կալանավորվել էին Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչներ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ Յուրի Հ-ն: