Ըստ անհրաժեշտության ցուցումներ կտամ. Գլխավոր դատախազն անդրադարձավ Գյումրիի կրակոցներին
ՀասարակությունԸնտրությունների օրը դատախազությունն աշխատում է օպերատիվ աշխատանքային ռեժիմով եւ լրատվամիջոցներում հրապարակված ցանկացած նյութ քննության առարկա է դառնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Գյումրիում NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, անդրադառնալով ընտրական գործընթացներում տեղ գտած խախտումների, Արթուր Դավթյանը նշել է. «Դա այն բացառիկ իրավիճակներից է, երբ ցանկացած լրատվամիջոցի հրապարակում ստուգման առարկա է դառնում: Ստուգմամբ ձեռքբերված նյութերն են մեզ հնաավորություն տալիս որոշել՝ հարուցե՞լ քրեական գործեր, թե՞ ակնհայտ է, որ առերեւույթ հանցագործության հատկանիշները բացակայում են»:
Դիտարկմանը, որ Շիրակի մարզում շատ են լինում քրեական աղմկահարույց դեպքերը, մասնավորապես, նախօրեին կրակոցներ են հնչել քաղաքում, Արթուր Դավթյանն ասաց. «Շիրակի մարզում դատախազությունն իր գործառույթներն իրականացնում է բարեխղճորեն, բայց ցանկացած աշխատանք առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու տեղ ունի: Կոնկրետ դեպքերով կամ օրինաչափ իրավիճակների ուսումնասիրության արդյունքում կձեռնարկենք միջոցներ, որ աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի»:
Ինչ վերաբերում է կոնրկեր նախօրին Գյումրիում հնչած կրակոցներին, ՀՀ գլխավոր դատախազը նշեց. «Ինձ արդեն զեկուցել են, որ հարուցվել է քրեական գործ, այս պահին ունենք երկու ձերբակալված անձ: Այսօր առիթ կունենամ քննության արդյունքներին ծանոթանալ եւ ըստ անհրաժեշտության ցուցումներ տալ»:
Նա կարեւորեց, որ մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հենց իրենից՝ գլխավոր դատախազից լսեն այն պահանջները, սկզբունքները, կանոնները, որոնք վերաբերելու են իրենց ամենօրյա աշխատանքին. «Պահանջները վերաբերում են ողջ հանրապետությանը, յուրաքանչյուրս պարտավոր ենք ապահովելու, որով կզբաղվի դատախազությունը, իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն, որպեսզի շատ արագ կարողանանք հասնել հանրային այն ընկալմանը, որ օրենքի առջեւ բոլորս հավասար ենք»:
Նշենք, որ Արթուր Դավթյանը Գյումրի է այցելել ներկայացնելու մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիեյլանին, ինչպես նաեւ աշխատանքային խորհրդակցություն ունենալ Շիրակի մարզի իրավապահ մարմինների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: