Ալաշանում թալիշցի երեխաների համար բացված դպրոցում «Ինֆորմատիկա» եւ «Ֆիզիկա» առարկաների ուսուցիչ չկա
ՀասարակությունՄարտակերտի շրջանի Ալաշան գյուղում թալիշցի երեխաների համար բացված դպրոցում «Ինֆորմատիկա» եւ «Ֆիզիկա» առարկաների ուսուցիչ չկա։ NEWS.am-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը նշեց, որ այժմ հայտարարություն են տվել, որպեսզի հարակից գյուղերից այդ առարկաները դասավանդող ուսուցիչներ գան։
«Միայն այս երկու առարկաներից ունենք ուսուցչի կարիք, մյուս մեր ուսուցիչներն այստեղ են եկել բնակվելու։ Այս երկու առակաները դասավանդող ուսուցիչը չի եկել Հայաստանից։ Թալիշի կիսավեր դպրոցից երկրորդ անգամ ենք գնացել դպրոցի համար գույք բերելու, նաեւ դասագրքեր ենք բերել, տներից էլ ենք դասագրքեր հավաքել»,–ասաց նա։
Վիլեն Պետրոսյանը նաեւ նշեց, որ այժմ Ալաշանում բնակվում է 28 թալիշցի ընտանիք՝ ընդհանուր 114 բնակիչ. «Նախագահի հետ խոսել ենք, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 20 տնակ բերեն, որպեսզի եւս 20 ընտանիքի կարողանանք տեղափոխել այստեղ»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 25-ից Ալաշանում սկսվել է թալիշցիների բնակեցման գործընթացը: