Այսօր կքննվի Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման դեմ բողոքը
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբանները ՀՀ Վերաքննիչ դատարան են ներկայացրել Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքի երկարացման դեմ բողոք: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր` հոկտեմբերի 12-ին, կքննի փաստաբանների բերած բողոքը:
Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղադասարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքը ներկայացվել է որպես «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու հիմնավորում, իսկ քրեական գործով Վալերի Օսպիյանը ճանաչվել է որպես տուժող:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը սպետեմբերի 23-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանը եւս երկու ամսով երկարացրել էր:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։