«Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք. վայ նրան, ով մեզ նոքյարի տեղ կդնի». Ոստիկանապետը այցելեց ցուցարարներին
ՀասարակությունՔիչ առաջ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կրկին շրջայց կատարեց ցուցարարների շարքերում։ Աղբահանության հետ կապված որոշ խնդիրներ հարթվեցին նրա միջամտությամբ, ինչպես նաև հադիպեց հոգևորականների հետ, զրուցեց, խոսեց այսօրվա երիտասարդներից և նրանց հետ հնարավոր երկխոսությունից։ Իսկ վերջում, պատասխանելով լրագրողի այն հարցերին, թե ցուցարարները պատրաստ են հանդիպել երկրի նախագահի հետ, սակայն ուղիղ եթերի պայմանով, Ոստիկանապետը պատասխանեց, որ երկրի նախագահի առջև պայմաններ չեն դնում։ Լրագրողը փորձեց հստակեցնել` մի՞թե այդ նույն ժողովուրդը չի ընտրել նախագահին և իրավունք չունի՞ պայմաններ դնելու, ինչին Ոստիկանապետը պատասխանեց, որ կոնկրետ խնդրի լուծման համար նախագահի մեկնած ձեռքին երբ պատասխանում են կամ էսպես կլինի կամ էնպես, դա խոսում է նրա մասին, որ չկա դեռ ծրագիր։ Վերջում, այն հարցին, թե իշխանությունները ժողովրդի ծառաներն են և նախագահը պարտավոր է հաշվի նստել, Ոստիկանապետը շատ կոպիտ պատասխանեց, որ իրենք ծառա չեն, իրենք ծառայում են, և վայ նրան, ով նրանց նոքյարի տեղ կդնի։
Այսքանով Ոստիկանապետի շրջայցն ավարտվեց։
Թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին, կարող եք դիտել այստեղ
Աղբյուրը` BlogNews.am