ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը քննարկել է Ամուլսարի հանքավայրի խնդիրը
ՀասարակությունԱշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ, որի ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանում օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերման եւ զարգացման առաջատար ընկերություն «Լիդիան Արմենիան»-ի ընթացիկ գործունեությանը, մասնավորապես` Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին եւ զարգացման ծրագրերին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ «Լիդիան Արմենիան»-ի հարյուր տոկոս բաժնետեր «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ բնապահպանական բոլոր պահանջներին եւ միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող հանքարդյունաբերական խոշոր ներդրումային ծրագիրը կնպաստի նաեւ համայնքների եւ, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա:
Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը նման աշխատանքով փորձում է ցույց տալ, որ հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաներով բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի ու համայնքների համար շահավետ հանքարդյունաբերություն զարգացնել, եւ որ Հայաստանը արտաքին ներդրումների համար բաց երկիր է: