3-4 ամիսների ընթացքում դատական համակարգն ավելի է հետ գնացել. Կարո Եղնուկյանը հացադուլը շարունակում է
Ուշադրության կենտրոնում«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կարծում է, որ իր նկատմամբ ընդգծված պատժիչ գործողություն է իրականացվում։ NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն երկու օր է անժամկետ հացադուլ է հայտարարել՝ բողոքելով Հայաստանի դատական համակարգի դեմ։
«Կարո Եղնուկյանն իր հացադուլով բողոքում է դատական համակարգի դեմ։ Նա կարծում է, որ պետությունն իրականացնում է պատժիչ գործողություններ եւ հաշվեհարդար է տեսնում իր նկատմամաբ։ Անմարդկային վերաբերմունք է նաեւ այն, որ սահմանափակվում են տեսակցությունները, նրա մայրն ու եղբայրն ԱՄՆ-ից եկել են նրան տեսնելու, երեխաներից երկուսը մեկնեցին արտասահման ուսման, բայց այդպես էլ չկարողացան տեսակցել նրան։ Նաեւ որպես ԱՄՆ քաղաքացի դատարանում ցանկանում էր պարզել՝ արդյոք ԱՄՆ դեսպանատնից երաշխավորագիր ներկայացվել է իր համար, դատարանը դա էլ մերժեց»,-ասաց պաշտպանը։
Տիգրան Հայրապետյանը նշեց, որ հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանը «Երեւան» ՔԿՀ-ի իր խցում այս պահին մենակ է. «Իր խցում գտնվող կալանավորին տեղափոխել են այդ խցից, մենակ է, մի շարք գրքեր է պահանջել՝ կարդում է։ Վիճակը լավ է»։
Պաշտպանը նշեց, որ վերջին 3-4 ամիսների ընթացքում Հայաստանի դատական համակարգը հետընթաց է ապրել. «Մեր դատարանները վերջին 3-4 ամիսների ընթացքում ավելի շատ հետ գնացին, քանի վերջին 10 տարում։ Հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ անց այսպիսի դատական ակտ կայացնող դատավորները միանգամից մեղադրյալի աթոռին կհայտնվեն»: